Ուկրաինայից Սլովակիա գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը կարգավորվում է միայն ԵՄ օրենսդրությամբ՝ համաձայն գյուղատնտեսության նախարարության առաջարկի, որը հավանության է արժանացել ուրբաթ, հեռացող ժամանակավոր կառավարության նիստում, տեղեկացրել է TASR-ը։

Ուկրաինայից որոշ գյուղատնտեսական եւ մթերային արտադրանքների ներմուծման սլովակյան արգելքը, ինչպես նաեւ հատուկ կանոններն այդ մթերքները Սլովակիայով տարանցելու համար պաշտոնապես չեղարկվել են։ «Այս ոլորտում այժմ գործում է միայն ԵՄ օրենսդրությունը»,- TASR-ին ասել է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Վալները։

Եվրահանձնաժողովի  միջոցներն ուժի մեջ են մտել մայիսի 2-ից եւ տեւելու են մինչեւ հունիսի 5-ը։ Այդ ընթացքում ցորենը, եգիպտացորենը, ռապսը եւ արեւածաղկի սերմերը կարող են ներմուծվել ԵՄ բոլոր երկրներ, բացի Բուլղարիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ռումինիայից եւ Սլովակիայից։ Սակայն ուկրաինական արտադրանքը նախկինի պես կարող է տարանցվել այդ երկրների տարածքով։

Միեւնույն ժամանակ, հինգ երկրները պարտավորվել են հրաժարվել Ուկրաինայում արտադրվող ցորենի, եգիպտացորենի, ռապսի եւ արեւածաղկի սերմերի, ինչպես նաեւ ցանկացած այլ արտադրանքի սահմանափակման՝ վերջերս ընդունված միակողմանի միջոցներից։