ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Կոնգրեսի ղեկավարներին նոր նամակ է ուղարկել, որում նորից նախազգուշացրել է դեֆոլտի վտանգի մասին արդեն հունիսի 1-ին։

«Մեր գնահատականներով՝ ֆինանսների նախարարությունն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա բավարարել կառավարության բոլոր պարտավորությունները, եթե Կոնգրեսը մինչեւ հունիսի սկիզբ պարտքի շեմը չբարձրացնի կամ չդադարեցնի դրա գործողությունը»,- ասել է նա։ Յելենի խոսքով՝ փաստացի ամսաթիվը կարող է տարբերվել ենթադրվողից մի քանի օրով կամ շաբաթով։

Նախարարը կոնգրեսականներին կոչ է արել չսպասել «մինչեւ վերջին րոպեն»՝ նշելով, որ դա կարող է լուրջ վնաս հասցնել բիզնեսին եւ սպառողների վստահությանը, բարձրացնել կարճաժամկետ փոխառությունների արժեքը հարկատուների համար եւ բացասաբար անդրադառնալ Միացյալ Նահանգների վարկային ռեյթինգի վրա։

ԱՄՆ պետպարտքը հասել է 31,4 տրլն դոլարի տարեսկզբին, սա սահմանագծային մակարդակն է, որը թույլատրում է օրենքը։ Յելենը դեռ մայիսի սկզբին էր զգուշացրել, որ կառավարությունն ամռանը կարող է կորցնել պարտքը սպասարկելու հնարավորությունը։

Ներկայացուցիչների պալատը, որը  գլխավորում են հանրապետականները, ապրիլի վերջին առաջարկել է բարձրացնել սահմանագիը 1,5 տրլն դոլարով՝ բյուջեն 4,8 տրլն-ով կրճատելու դիմաց։ Դա պետք է որ բավարար լինի, որպեսզի կանխվի դեֆոլտը մինչեւ 2024թ. մարտի 31-ը։ Խոսքն այդ թվում նաեւ սոցիալապես չպաշտպանված խմբերի համար բժշկական ապահովագրության եւ այլ ծախսերի կրճատման մասին է (4,5 տրլն դոլար)։ Դեմոկրատները հավանություն չեն տվել այդ պլանին։

Նախագահ Ջո Բայդենը նշել է, որ դեֆոլտը «տարբերակ չէ», եւ հիշեցրել է, որ դրա կանխումը Կոնգրեսի սահմանադրական պարտականությունն է։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ դեֆոլտի դեպքում տնտեսությունը կխորասուզվի ռեցեսիայի մեջ, ԱՄՆ միջազգային հեղինակությունը խիստ կտուժի, եւ այդ սցենարն անգամ քննարկել չարժե։

Սպիտակ տանը հայտարարել են, որ պետպարտքի սահմանաչափի բարձրացումը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հետեւանքների։ Երկարատեւ դեֆոլտի դեպքում աշխատատեղերի թիվը կարող է կրճատվել 8,3 մլն-ով, տարեկան ՀՆԱ-ն կնվազի 6,1 տոկոսով, իսկ գործազրկությունը կավելանա 5 տոկոսով։ Յելենի կարծիքով՝ ԱՄՆ ֆինանսական համակարգը պաշտպանելու ոչ մի միջոց չկա՝ Կոնգրեսի կողմից իր աշխատանքը կատարելուց բացի։ Իսկ եթե Բայդենը կիրառի ամերիկյան Սամանադրության 14-րդ լրացումը, որը թույլ է տալիս պարտքը մեծացնել առանց Կոնգրեսի՝ պետպարտքի սահմանաչափի բարձրացումը հաստատելու, դա կդառնա «սահմանադրական ճգնաժամ» ասել է Յելենը։