Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցների` աշխատավարձը բարձրացնելու դիմումն ուսումնասիրվում է, բայց դեռ որոշում չի կայացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքով` աշխատակիցների բողոքն ուսումնասիրելու համար հանձնաժողով չի ստեղծվել, ատոմակայանի տնօրենը խնդիրը ներկայացրել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին. «Երբ որոշում կայացվի` դրական, թե բացասական, մենք կտեղեկացնենք»,- ասաց Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ չի կարող ասել, թե երբ որոշում կկայացվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Լուսինե Հարությունյանը նշել էր, որ դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից. «Շատ է, թե քիչ, դա այլ հարց է, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, հարցը կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, մամուլը կտեղեկացվի»,- ասել էր Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ խնդիրը կներկայացվի նախարարին:

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, որ պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են  ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Ատոմակայանը սեպտեմբերից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տեւի 46 օր: Ըստ լուրերի` դիմում գրած  աշխատակիցները դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը` նշելով, որ  գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել: