Հայաստանն անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեւէ չի գնել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով Մոլդովայում ծայր առած սկանդալը, ըստ որի Հայաստանին իբր վաճառած ոչ պիտանի զենքի համար օրերս պաշտոնազրկվել է Ազգային բանակի հրամանատար եւ Գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Յուրի Դոմինիկը:
Դավիթ Կարապետյանը նաեւ չհայտնեց, թե արդյոք Հայաստանը երբեւէ Մոլդովայից սպառազինություն գնե՞լ է, թե` ոչ: «Հայաստանի զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու և վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն»,- նշեց նա:
Նշենք, որ Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Մարիան Լուպուի առաջարկով կառավարությունը պաշտոնանկ էր արել Մոլդովայի Ազգային բանակի հրամանատար Յուրի Դոմինիկին: Պաշտոնանկությունը պատճառաբանվել էր, թե նա խախտել է զինվորական կարգապահությունը: Մոլդովական լրատվամիջոցները որպես պատճառ բերում են բանակում տեղի ուենցած միջադեպերը, սակայն չէին բացառում ոչ պիտանի զենքի վաճառքի մասին տեղեկատվությունը: NEWSru.com-ը հաղորդվում է, թե սեպտեմբերի 12-ին Լիբիայի Բենղազի քաղաքից Մոլդովա է ժամանել Լատվիայում գրանցված Իլ-76 ինքնաթիռը, որը 30 տոննա զենք է բեռնել եւ թռել է Հայաստան: Դրանից հետո Մոլդովայում սկանդալ էր ծագել, որն էլ, ըստ ամենայնի, հանգեցրել է Յուրի Դոմինիկի պաշտոնանկությանը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է, թե ոչ պիտանի զենք է գնել Մոլդովայից:



























