Սպասվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքերի բացահայտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա վստահեցրեց, որ պետությունն ակտիվորեն պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ իրավապահները կարճ ժամանակահատվածում լուրջ արդյունքների կհասնեն։ «Խնդիրն արդյունավետ քայլեր ձեռնարկելն էր։ Ստեղծվելու են բոլոր անհրաժեշտ օրենսդրական և տեխնիկական պայմանները»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ Իտալիայում հայտնաբերված թմրամիջոցների խմբաքանակը հայկական շուկայի համար չէ նախատեսված եղել։ 

«Սակայն, որոշակի մաս կարող է իրացվել նաև Հայաստանում։ Թմրամիջոցների հայտնաբերված խմբաքանակները, հնարավոր է, նախատեսված են եղել ԱՊՀ երկրների համար։ Հայաստանում թմրամիջոցների օգտագործման մակարդակը համեմատաբար ցածր է, բայց մեզ համար ցանկացած քանակություն անընդունելի է»,- եզրափակեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Իտալիայում հայտնաբերվել էր 2700 կգ մաքուր կոկաին, որը, բնականաբար, Հայաստանում պարզապես չէր կարող իրացվել։ Միևնույն ժամանակ, ըստ իրավապահների, վերջին տարիներին հանրապետությունում կտրուկ աճել է սինթետիկ թմրամիջոցների օգտագործումը՝ հատկապես երիտասարդների շրջանում։