Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարունիցան պնդում է, որ «Հայաստանին վաճառված զենքի եւ զինամթերքի գործարքը եղել է ճիշտ եւ օրինական»:
Խորհրդարանական լսումների ժամանակ Մարունիցան հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյայի հայտարարությունը:
Ուղիղ հարցին` աջակցո՞ւմ է արդյոք Ադրբեջանում Մոլդովայի դեսպանի դիրքորոշմանը, թե «Հայաստանին զենքի վաճառքը ցավալի սխալ էր», նախարարը միանշանակ պատասխանել է. «Ոչ»:
Նշենք, որ լրատվամիջոցների փոխանցմամբ, Մոլդովան լատվիական ընկերություններից մեկին ոչ պիտանի եւ ժամկետանց զենք էր վաճառել: Զինամթերքը տեղափոխվել է լիբիական Բենղազիից ժամանած Իլ-76 օդանավով:
Մոլդովայի պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, թե օդանավը պատկանում է Հայաստանին, իսկ շատ պաշտոնյաներ բազմիցս ասել են, որ զինամթերքը գնել է Հայաստանը: Ավելին, այդ սկանդալի պատճառով պաշտոնանկ էր արվել Մոլդովայի Ազգային բանակի հրամանատար Յուրի Դոմինիկը:
Հայաստանի քաղավիացիայի վարչությունն ու «Արմավիա» ընկերությունը հերքել են, թե նման օդանավ ունեն, իսկ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը պաշտոնապես հայտարարել է, թե «Հայաստանն անկախությունից ի վեր ոչ պիտանի զենք չի գնել»:




























