Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր` սեպտեմբերի 30-ին կազմակերպվել է «Հայաստանը՝ ձեր գործընկեր 2011» խորագրով միջազգային տնտեսական ցուցահանդեսի բացմանը, որը տեւելու է մինչ հոկտեմբերի 2-ը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ապահովագրության, արդյունաբերության, ինովացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, սննդաարդյունաբերության ոլորտներում գործող հայրենական եւ արտասահմանյան շուրջ 200 կազմակերպություններ` ներկայացնելով ավելի քան 500 ապրանքատեսակ: Կազմակերպությունների ներկայացուցիչները վարչապետին ծանոթացրել են իրենց ընկերությունների գործունեությունը եւ ցուցահանդեսում ներկայացված ապրանքատեսակները:
Ցուցահանդեսի նպատակն է՝ ամրապնդել հայրենական արտադրանքի եւ ծառայությունների վստահությունը հայկական շուկայում, ստեղծել նոր գործնական կապեր, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա` բարձրացնելով պահանջարկը, ստեղծելով նոր աշխատատեղեր:
Ցուցահանդեսի առաջնահերթ ծրագրերից է նաեւ խթանել հայրենական արտադրողներին արտահանման հարցում` ստեղծելով ակտիվ գործնական միջավայր: Ցուցահանդեսին մասնակցում են նաեւ ընկերություններ՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Բուլղարիայից, Չեխիայից, Մեծ Բրիտանիաից: Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս նաեւ ներդրողներին՝ ուսումնասիրություններ կատարելու հայաստանյան շուկայում, բանակցելու արտադրողների հետ նոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ:




























