Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված. ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը  հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության  օրակարգի առաջ մղումը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման  պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, եւ մենք հույս ունենք հնարավորինս արագ  համաձայնության հասնել տեքստի շուրջ եւ ստորագրել այն:  Միջազգային հանրության ընկալումը ավելի  ու ավելի շատ է հակվում այն բանաձեւին, որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29 800 քառակուսի կմ եւ 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, եւ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ պետք է տեղի ունենա երկխոսություն:

Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը եւ բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝  ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային  մեխանիզմները չափազանց կարեւոր են: Միաժամանակ համոզված եմ, որ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով: Սա ամենեւին էլ հեշտ գործընթաց չէ, բայց կարծում եմ՝ այն է, ինչ ուզում եւ ակնկալում է մեր ժողովուրդը:

Տնտեսական եւ բյուջետային ցուցանիշները, կարծում եմ՝ հանրության եւ տնտեսության  արձագանքն են մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին»,-հայտարարեց Փաշինյանը: