Գրող Էլիզաբեթ Քերոլը դիմել է դատարան՝ խնդրելով փոփոխություններ մտցնել զրպարտության մասին հայցում, որը նա ներկայացրել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, եւ ցանկանում է նրա դեմ եւս 10 մլն դոլարի հայց ներկայացնել։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Associated Press գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Քերոլը մտադիր է Թրամփին պատասխանատվության ենթարկել  նրա խոսքերի համար, որոնք ասել է դատարանի որոշման հրապարակումից հետո, ընտրողների առջեւ ելույթ ունենալիս, այդ ելույթը հեռարձակվել է CNN հեռուստաալիքի եթերում։ Քերոլի փաստաբանների կարծիքով՝ հանդիպման ժամանակ Թրամփը կրկնել է զրպարտչական հայտարարությունները գրողի հասցեին։ «Դժվար է պատկերացնել զրպարտանք, որն այդքան լցված լիներ ատելությամբ, թշնամանքով եւ չարությամբ»,- գրել են իրավաբանները՝ դիմելով դատարան։ Նրանց կարծիքով՝ գումարը, որը Թրամփը պարտավոր է վճարել Քերոլին նախկին նախագահին մեղավոր ճանաչելուց հետո, պետք է ավելացվի, «որպեսզի պատժեն Թրամփին, ինչպես նաեւ զսպեն նրան ու այլ անձանց հետագա զրպարտություններից»։

Մայիսի 9-ին Նյու Յորքի ատենակալների դատարանի ժյուրին Թրամփին մեղավոր է ճանաչել գրող Էլիզաբեթ Քերոլի քաղաքացիական հայցով, որը նրան մեղադրել է ոտնձգության եւ զրպարտության մեջ։ Սպիտակ տան նախկին ղեկավարը պետք է Քերոլին վճարի 5 մլն դոլար։

2019թ. Քերոլը, որը մի քանի հայտնի պարբերականների սյունակագիր էր, հրապարակել է գիրք, որտեղ պնդում է, որ 1995թ. վերջին կամ 1996թ. սկզբին Թրամփը բռնաբարել է իրեն Նյու Յորքի կենտրոնի խանութի հանդերձարանում։ Նա արդեն համապատասխան հայց է ներկայացրել դատարան, սակայն գործն այն ժամանակ ընթացք չի ստացել։ Անցած տարվա նոյեմբերին ամերիկուհին նոր հայց է ներկայացրել նախկին նախագահի դեմ՝ նրան մեղադրելով զրպարտության եւ բռնաբարության փաստը հերքելու մեջ։ Թրամփը քանիցս հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ երբեք չի հանդիպել Քերոլի հետ։