Մալայզիայի կրոնի նախարար Նաիմ Մոհթարը հայտարարել է, որ երկրի պետական մարմինները ձեռնարկում են ԼԳԲՏ-ին սանձելու քայլեր, կառավարության ռազմավարական քայլերից մեկը լինելու է հատուկ մուսուլմանական կոմիտեի ստեղծումը, տեղեկացրել է Star մալայզիական պորտալը։

«Կառավարությունը նախաձեռնել է Մալայզիայում ստեղծել ԼԳԲՏ հարցերի հատուկ մուսուլմանական կոմիտե։ Կոմիտեն կգումարվի տարին մեկ անգամից ոչ պակաս կամ՝ անհրաժեշտության դեպքում։ Դրա կազմի մեջ կմտնեն նախարարությունների, գերատեսչությունների, գործակալությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք կհամակարգեն ԼԳԲՏ հարցերը, որպեսզի զսպվի այդ մշակույթի տարածումը»,- պորտալը մեջբերել է Մոհթարի հայտարարությունը։

Նախարարի խոսքով՝ այդ քայլն անհրաժեշտ է Մալայզիայում «ԼԳԲՏ մշակույթի կարգավորումից» խուսափելու համար։ Մոհթարն ավելացրել է, որ երկրում ԼԳԲՏ մշակույթի տարածումը կանխելուն կմասնակցեն երիտասարդության եւ սպորտի, ինչպես նաեւ առողջապահության նախարարությունները։

Նախարարն ընդգծել է, որ չնայած ԼԳԲՏ մշակույթն անընդունելի է օրենքի տեսակետից, կառավարությունը չի ոտնահարում այդ խմբի հիմնական իրավունքները, որոնք ամրագրված են Մալայզիայի սահմանադրությունում։