Անկլավների հարցը խնդիր է, որովհետեւ Արծվաշենը շատ մեծ հայկական անկլավ է, համեմատած այն ամենի հետ, ինչ ադրբեջանցիներն ունեին Տավուշում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը:
«Այստեղ մակրոհարթության մեջ խնդիր կա, ինչի՞ց ելնելով ենք մենք հապշտապ փորձում ստորագրել ինչ-որ պայմանագրեր, ճանաչել հազար ու մի բան, երբ համաշխաևրհային աներեեւակայելի մեծ փոփոխություն է ընթանում: Անգամ գոյություն ունեցող իրավունքի միջազգային կոչված հատվածը կարելի է համարել պարալիզացված: Ի՞նչն է պատճառը, որ այստեղ ընթանում են գործընթացներ, որոնք բառիս բուն իմաստով գոյություն ունեցող համաշխարհային մթնոլորտի հետ կապ չունեն: Ինձ համար դա տարօրինակ է: Ես համարում եմ, որ քանի դեռ հստակություն չմտնի համաշխարհային խոշորագույն աներեւակայելի մեծ շրջադարձի մեջ, այդպիսի պարզ, ճշգրիտ եւ ինչ-որ տեղ անվերապահ հայտարարությունները, իմ խորին համոզմամբ ժամանակավրեպ են»,-ասաց նա:
Վարդան Խաչատրյանի խոսքով, այս պայմաններում չկա մի այնպիսի հայտարարություն, որ 100 տոկոսով խոսքից վերածվելու է գործի. «Քանի՞ հայտարարություն ենք լսել, որ արվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի կողմից, եւ այնուամենայնիվ, ի կատար չի ածվել: Նույնիսկ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա կնքված պայմանագրերը ստորագրվել էին, որ ժամանակ ձգեին եւ մաքսիմալ Ուկրաինային պատրաստեին ապագա բախմանը»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում արված հայտարարություններին, մասնավորապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ անկլավները Ադրբեջանինը լինելու վերաբերյալ, նա ասաց. «Այդ հայտարարություններին կարելի է տալ մարմին եւ հոգի, եթե դրա կարիքն ու կամքը ունես, եւ դրանք կարող են լինել հերթապահ հայտարարություններ, որոնք ոչնչի հետագայում կարող են եւ չպարտավորեցնել:
Այսօր Արցախը բոլոր կողմերից փակված է Ադրբեջանի կողմից: Դա միջազգային իրավունքի ծայրահեղ ծանր խախտում չէ՞: Բայց աշխարհը մնում է այդ ամենին անհաղորդ: Այսինքն մենք ականատես ենք այն բանին, որ 44-օրյա պատերազմի վայրիվերումներն, ըստ էության, շատ մեծ համաշխարհային պայմանավորվածության հետեւանք էին, հակառակ դեպքում, եթե գործեր օրենքի տառը կամ ոգին, այսպես չէր լինի:
Հիմա Ադրբեջանը կարո՞ղ է արդյոք, պայմանական ասենք, գրոհով վերցնել Արցախը եւ ինչպիսին կլինի արցախահայերի ճակատագիրը, արդյոք աշխարհը տեր կկանգնի Աշխարհը ոչ մի բանի էլ տեր չի կանգնի: Մենք պետք է գոյություն ունեցած հնարավորությունների շրջանակներում դիտարկենք, թե քայլ առ քայլ, փակ եւ բաց գործողությունների ինչպիսի պլան պետք է իրականացնել, որ լինենք մերձավորարեւելյան հարահեղուկ եւ անընդհատ արեւաբույր մթնոլորտում դիմադրունակ»,-հայտարարեց Վարդան Խաչատրյանը:
Անդրադառնալով առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը, նա ընդգծեց, որ դա կախված է իրավիճակից. «Փաշինյանն ինչպիսի փակ պայմանավորվածությունների է եկել, այդ ամենից մենք անտեղյակ ենք: Դա կարելի գնահատել միայն նրա վարքագծային կառուցվածքով: Հնարավոր է՝ խոսքերը լինեն սին, իրենցով թաքցնեն ճշմարտությունը, բայց մարդը երբեք չի կարող ստել իր վարքագծով: Այսօրվա նրա վարքագիծը խոսում է ոչնչի մասին: Դրանք ընդամենը հայտարարություններ են, թե ինչպիսին կլինեն զարգացումները, ինչպիսին են կուլիսային պայմանավորվածությունները, ինչպիսին է իրավիճակը կուլիսներում, չգիտենք: Իրավիճակը փոխված է, պարզորոշ երեւում է, որ Հայաստանի կողքին կանգնած ուժեր կան: Իրավիճակն այլեւս մեկուսացվածության իրավիճակ չէ, այն մեկուսացումը չէ, որը մենք տեսել ենք 44 օրվա ընթացքում: Հասկանում ենք, որ մեզանում ընթացող զարգացումներում շահագրգռված են մեծ տերություններ, որոնք իրենց կենսական շահերը տեսնում են նաեւ այստեղ: Այդպիսիք են Հնդկաստանը, Իրանը եւ այլն»:




























