Գերմանիան երեքշաբթի օրը կանչել է Բեռլինում Թուրքիայի դեսպանին և մերժել է Անկարայի` մամուլի ազատության վերաբերյալ բողոքները` Ֆրանկֆուրտում կառավարամետ երկու թղթակիցների ենթադրյալ ձերբակալության հետ կապված, հայտնում է AFP-ն։
Անցյալ շաբաթ Անկարան կանչել էր գերմանացի դեսպանորդին այն հայտարարությունից հետո, որ երկու թուրք լրագրողներ ձերբակալվել են Գերմանիայի գործարար մայրաքաղաքում, ինչը Թուրքիայում բարձրացրեց դիվանագիտական լարվածությունը՝ ընտրությունների վճռորոշ երկրորդ փուլից առաջ:
Գերմանիայի տեղական դատախազը հերքել է լրագրողների ձերբակալության մասին լուրերը, սակայն հաստատել է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել «անձնական տվյալների վտանգավոր տարածման համար»։
Արտգործնախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Թուրքիայի դեսպանին կանչելիս նրան ասվել է, որ «Գերմանիայի կառավարությունը կտրականապես մերժում է թուրքական կառավարության մեղադրանքները՝ կապված Գերմանիայում խոսքի և մամուլի ազատության և դատական համակարգի հետ»։
Անցյալ շաբաթ գերմանական ոստիկանությունը հայտնել է, որ երկու լրագրողի տներում խուզարկություն է անցկացրել և առգրավել էլեկտրոնային կրիչներ և այլ ապացույցներ, ինչից հետո տղամարդկանց ազատ է արձակել:
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանկֆուրտի կառավարամետ Sabah թերթում աշխատող լրագրողների նկատմամբ «ոտնձգություններն ու ահաբեկումները»՝ այն անվանելով «գործողություն ազատ մամուլի դեմ»։




























