Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է, որ սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է հայտարարել, որ եթե ծախսերը կրճատվեն, ապա չեն կարող իրականացնել իրենց առջեւ դրված պարտականությունները: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ հաղորդագրության` նման հայտարարություն չի արել նաեւ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, իսկ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը գտնվել է գործուղման մեջ:
Կենտրոնական բանկը նաեւ որոշ պարզաբանումներ է ներկայացրել «Ինչո՞ւ է սպառնում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը» հոդվածում տեղ ԿԲ ծախսային քաղաքականության որոշ դրույթների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ինչ վերաբերում է հրապարակման մեջ տեղ գտած «Կամ` այդ ինչու են որոշել 1.4 մլրդ դրամ հատկացնել «Հայինկասացիային», եթե վերջինս առեւտրային կազմակերպություն է ու մենաշնորհ ունի այդ ոլորտում» հատվածին. ապա հայտնում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը հանդիսանում է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի 100 տոկոս սեփականատեր: Վերջինիս ներդրումը պայմանավորված է ինկասացիայի ոլորտն արդիականացնելու եւ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանացնելու համար:
Հրապարակման մյուս հատվածները, որոնք վերաբերում են Դիլիջանում «Ուսումնահետազոտական կենտրոն» եւ «Գիտելիք հանուն զարգացման» համալիրների կառուցմանը, կոռեկտ չենք համարում: Վերոնշված հարցի կապակցությամբ, առաջիկայում ՀՀ կենտրոնական բանկը հասարակության ուշադրությանը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն»:




























