Ընթացիկ տարվա ապրիլի արդյունքներով՝ Սաուդյան Արաբիան ավելացրել է ռուսական դիզելային վառելիքի գնումների ծավալները՝ հասցնելով 174 հազար բարելի։ Մայիսի ընթացքում դիզվառելիքի եւ գազօյլի ներմուծումը ՌԴ-ից մերձավորարեւելյան պետություններ նույնպես ավելացել է, ինչը թույլ է տվել Էր Ռիադին ավելացնել արտահանումը եվրոպական երկրներ եւ դառնալ Եվրամիության վառելիքի ամենախոշոր մատակարարը, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Kpler ընկերության վերլուծաբանների տվյալներին։

Միջազգային պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանը չի կարող սեփական դիզվառելիքն ու այլ նավթամթերքներ եւ հում նավթ ուղարկել Եվրամիության երկրներ։ Խոսքը ծովային ճանապարհով այդ ապրանքների մատակարարման էմբարգոյի մասին է։ ՌԴ-ից մատակարարումների կրճատումից օգտվել է Սաուդյան Արաբիան, նշվել է հոդվածում։

«Սաուդյան Արաբիան գնում է ռուսական դիզվառելիքի միլիոնավոր բարելներ, որոնք Եվրոպան այլեւս թույլ չի տալիս՝ միաժամանակ իր սեփական մատակարարումներն ուղարկելով ԵՄ գնորդներին։ Թագավորությունը Ռուսաստանից ներմուծել է օրական 174 000 բարել դիզվառելիք եւ գազօյլ ապրիլին եւ ավելի շատ՝ այս ամիս։ Երկիրը միաժամանակ դարձել է Եվրոպայի ամենամեծ մատակարարը՝ առաջ անցնելով ՌԴ-ից փետրվարից սկսյալ»,- նշվել է հրապարակման մեջ։