Ղազախստանի մտադիր չէ եւ չի նախատեսում ստեղծել կամ մտնել որեւէ միութենական պետության մեջ։ Այս մասին ասել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մայիսի 25-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի լիագումար նիստին։ Պետության ղեկավարն այդ ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման տարբեր մակարդակների առկայության մասին՝ ուշադրություն դարձնելով Միութենական պետության միավորման մեջ Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայությանը։

«Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ եւ չի նախատեսում ստեղծել կամ մտնել որեւէ միութենական պետության մեջ»,- նշել է Ժելդիբայը։

Նրա խոսքով՝ իսկապես, այսօր ԵԱՏՄ երկու մասնակիցներ՝ Ռուսաստանը եւ Բելառուսը, համագործակցության ավելի սերտ եւ ավելի բարձր մակարդակ են ցուցադրում։

«Սա ինքնատիպ նախադեպ է։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, ըստ էության, խոսքը մեկ ժողովրդի եւ պետության մասին է։ Եվ այս առումով շատ կարեւոր է կիսել նախաձեռնություններն ինտեգրացիոն երկու նախագծերի շրջանակում, որոնք միանգամայն տարբեր նպատակներ ունեն»,- ասել է նա։

Ժելդիբայը նշել է, որ «պետության ղեկավարի հիմնական մեսիջն այն է, որ ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակում կարող է եւ պետք է ընթանա բացառապես տնտեսական ուղղությամբ»։

«Դրա շրջանակից դուրս գալը խախտում է կազմակերպության կանոնադրական փաստաթղթերի նպատակները, սկզբունքները եւ խնդիրները։ Ինչպես ընդգծել է նախագահը, տնտեսական ինտեգրումն ինքնանպատակ չէ, այլ տնտեսությունների զարգացման եւ մեր ժողովուրդների բարեկեցության բարձրացման միջոցներից մեկը։ Այսինքն՝ յուրաքանչյուր որոշում, որը կընդունվի միավորման շրջանակում, պետք է արդյունք բերի առանձին վերցրած յուրաքանչյուր մասնակցին եւ, նախ եւ առաջ,  ԵԱՏՄ բոլոր պետտությունների քաղաքացիներին»,- ընդգծել է Տոկաեւի մամուլի քարտուղարը։