Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը 2024թ. նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարելուց հետո առաջին 24 ժամում հավաքել է 8,2 մլն դոլար։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով քաղաքական գործչի շտաբին։
Ինչպես նշել է պարբերականը, այս թվերը վկայում են այն մասին, որ տեխնիկական խափանումները Twitter սոցիալական ցանցի ուղիղ եթերի ժամանակ, երբ նահանգապետը հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին, «չեն նվազեցրել դոնորների խանդավառությունը»։ Քարոզարշավի ընդամենը մեկ ժամվա ընթացքում հաջողվել է հավաքել 1 մլն դոլար։ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը 2019թ. ընտրարշավի առաջին 24 ժամվա ընթացքում հավաքել էր ընդամենը 6,3 մլն դոլար, նշել է պարբերականը։
Թերթի կարծիքով՝ այդ նվիարտվությունների օգնությամբ Դեսանտիսն ավելի ակտիվ կվարի իր քարոզարշավը, որի ընթացքում հաջորդ շաբաթ կայցելի 12 քաղաք ամերիկյան երեք նահանգներում։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Դեսանտիսը հանձնել էր ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը, ընտրությունները տեղի են ունենալու եկող տարվա նոյեմբերին։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Ընտրությունների դաշնային հանձնաժողովի կայքում։ Ապրիլին ամերիկյան NBC հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ Հանրապետական կուսակցության ընտրողների առնվազն 31 տոկոսը կաջակցի Դեսանտիսին փրայմերիզում։ Ընդ որում, 46 տոկոսը կողմ է, որ Թրամփն առաջադրվի գալիք ընտրություններում որպես պետական բարձրագույն պաշտոնի թեկնածու։





























