Պարզ է, որ հասարակությունը չի զիջի իր երեխաների ապագան, չի հրաժարվի իր եվրոպական ընտրությունից։ Ժողովրդավարության առաջին կանոնն այն է, որ դու պետք է կատարես այն, ինչի համար քեզ ընտրել է ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Անկախության տոնին նվիրված արարողության ժամանակ, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով՝ անկախությունը, որն այսօր տոնում է Վրաստանը, նշանակում է նաեւ պաշտպանել իր քաղաքացիներին պետությունից:
«Մենք՝ վրացիներս, գիտեինք պաշտպանություն եւ անձնազոհություն։ Մենք գիտեինք ազատության եւ խաղաղության գինը։ Մենք հասկանում էինք, որ մեկը մյուսից անբաժան է ։ Վրացիները երբեք չեն համակերպվել որեւէ երկրի ստվերում ապրելուն եւ չեն ձգտել նվաճել որեւէ երկիր, եթե որեւէ մեկը թշնամանք չի ցուցաբերել»,-ասել է նա։
Վրաստանի նախագահը նաեւ նշել է, որ վրաց ժողովրդի համար վիրավորական է, երբ իշխանությունը չի մտածում իր քաղաքացիների պատվի եւ արժանապատվության մասին:
«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ օկուպացված տարածքներ եւ ռուսական բանակ ունեցող երկիրն իր տարածքում պետք է հատկապես պաշտպանի կայունությունը։ Հենց այդ պատճառով է, որ իշխանությունները պարտականություն ունեն թույլ չտալ այնպիսի իրավիճակի առաջացում, որն, անկասկած, կհանգեցնի հուզումների եւ էսկալացիայի։ Իշխանությունը պարտավոր է կանխել, այլ ոչ թե փորձարկել սեփական ժողովրդի համբերությունը։ Իշխանությունը պատասխանատու է տարածքը պաշտպանելու եւ սահմանը կառավարելու համար: Դուք պետք է իմանաք, թե ով է մտնում եւ ով է դուրս գալիս երկրից: Դժվար է հավատալ, որ օկուպանտ երկրի բարձրագույն քաղաքական շրջանակի անդամները երկիր են մուտք գործել առանց նախնական նախազգուշացման եւ անվտանգության երաշխիքների»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ չկան մարդիկ, ովքեր չեն վախենում պատերազմից։ Նա նշել է, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանը կվերադարձնի Վրաստանի տարածքները զիջումների դիմաց, ապա նա չգիտի պատմությունը:
«Այսօր հուսահատության եւ անելանելիության ժամանակը չէ հասարակության համար։ Վրաց հասարակությունը երբեք չի նահանջել ազգային շահերի եւ պատվի պաշտպանությունից, եւ նորագույն պատմությունը դա ցույց է տվել։ Հիմա ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս միասին տեսնենք եւ գիտակցենք այդ անխուսափելի փոփոխությունները, հավատանք ինքներս մեզ եւ թույլ չտանք որեւէ մեկին մեզ դուրս մղել մեր ճանապարհից»,-հավելել է Վրաստանի նախագահը։





























