Հայաստանը, հոկտեմբերի 1-2-ին, 6-րդ անգամ կմասնակցի ԵԽ-ի եւ Եվրահանձնաժողովի կողմից իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, որը կանցկացվի «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո:

Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած շուրջ 50 երկրներ, այս տարի արդեն 26-րդ անգամ են մասնակցում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին:

Թեմայի ընտրությունը պայմանավորված է 2012 թ. նախանշված երկու կարեւոր մշակութային իրադարձություններով` Հայ գրատպության  500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմամբ: 

«Եվրոպա. ընդհանուր ժառանգություն» կարգախոսի համատեքստում Հայաստանը կանդրադառնա  հազարամյակների խորքից  ծնունդ առնող իր գրավոր խոսքին:     

Հայաստանի ողջ տարածքում կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ. շուրջ 24 թանգարաններում, 10 հուշարձանների տարածքներում եւ բազմաթիվ այլ վայրերում կբացվեն ցուցադրություններ, կանցկացվեն դասախոսություններ: 

Միջոցառումների ծրագիրը ներառում է այցելություններ այն հուշարձաններ ու վայրեր, որտեղ պատմականորեն ձեւավորվել ու գործել են հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ: Մասնավորապես,  Նորավանքում, Հերմոնի վանքում, Գոշավանքում, Շատինավանքում կկազմակերպվեն ցուցադրություններ եւ դասախոսություններ:

2012 թ. երկու խոշոր մշակութային իրադարձություններին ընդառաջ` Եվրոպական ժառանգության օրերը` լավագույն հարթակ է հանդիսանում  արժեւորելու հայ գրավոր ժառանգության ակունքներն, ընդգծելու գրավոր խոսքի` հաղորդակցության գլխավոր միջոցի դերն ու նշանակությունը տարածության ու ժամանակի մեջ:

Ավանդաբար միջոցառումն անցկացվում է երկու օր, սակայն բազմաբնույթ միջոցառումների առատությունը հնարավորություն է ընձեռում օրերն անցկացնելու հոկտեմբերի առաջին տասնօրյակում:

Եվրոպական ժառանգության օրերի  փակման արարողությունը տեղի կունենա Հին Գորիս բնակատեղիում, հոկտեմբերի 9-ին: