Եթե ժողովուրդն այսօր համաճարակի պես լքում է երկիրը, ուրեմն այսօրվա իշխանությունները իրոք համաճարակ են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

«Մեր երկիրը փրկության կարիք ունի, պետք է կանգնենք, դեմն առնենք, որ չվարակվի մեր երկիրը: Այս երկրում իշխանությունները բոլոր «կռանթները» փակում են, որ անգամ շնչելու օդ չմնա»,- ասաց նա ու հավելեց. «Ո՞ւր եք տղերք, էսօր մեր ժողովրդին ներսից են ուտում, էդ «բոբոների» դեմը, բա, չկանգնե՞նք առնենք: Այստեղ կանգնածները իրենց միջից վախը հանել են: Մենք ոչնչի առաջ չպետք է կանգնենք: Եթե այստեղ կա մեկը, որ կասի, թե կա մի բնագավառ, որ զարգանում է, ես կասեմ՝ համբերենք, սպասենք: Բայց չկա նման բան»:

Սասուն Միքայելյանը կոչ արեց իր մարտական ընկերներին համախմբվել եւ միասնական հանդես գալ: «Ես կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ տղերք, ամոթ ա, եկեք համախմբվենք: Ես Մարտակերտի նահանջ եմ տեսել, շատ բաներ եմ տեսել, բայց ոչ ոք չի կարող համոզել, որ գաղթից ավելի դաժան բան կա: Էնպես չանենք, որ հայի ձեռքով նորից ցրվենք աշխարհով մեկ: Ես գերադասում եմ իմ հողի վրա գնդակահարվել, քան գաղթական դառնալ»,- նշեց նա:

Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա զորահանդեսին, ազատամարտիկն ասաց. «Մենք մի քանի օր առաջ նշեցինք, մեր անկախության 20-ամյակը: Ես իմ կյանքով ապացուցել եմ, որ կամքից ուժեղ եմ եւ կյանքումս երկու անգամ եմ հուզվել. Շուշիի գրավման ժամանակ, մեկ էլ առաջին շքերթին: Վերջին շքերթին հուզվում էի, բայց երբ տեսա, թե ովքեր են կանգնած տրիբունային, լացս գալիս էր, թե ովքեր են կանգնած»: