Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 1-ին, շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին՝ ՉԺՀ կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքներ է հղել Նախագահ Հու Ձինթաոյին եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին.
«Մեծ գոհունակությամբ ենք հետեւում Չինաստանի ժողովրդական հանրապետության եւ չին ժողովրդի նվաճումներին ու հաջողություններին հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում: Անշեղորեն բարձրացել է Չինաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրվել: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու շարունակական ակտիվ գործակցությունն այսուհետ եւս կզարգանան եւ կընլայնվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն եւ բարօրություն»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:




























