Գյումրիի Ծերերի-տուն ինտերնատի շահառու տարեցներն այսօր` հոկտեմբերի 1-ին, իրենց տոնի առթիվ ծերանոցում հյուրընկալել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին: Մարզային իշխանությունների նախաձեռնությամբ տոնական համերգ է կազմակերպվել ծերանոցում, երգել ու պարել են նաեւ տուն ինտերնատում բնակվող տատիկ-պապիկները:

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում այսօր ապրում է 160 ծեր, 70-ը տղամարդիկ են, 90-ը` կանայք: Կառույցի շահառուների թիվը տարեցտարի ավելանում է, այդ պատճառով նախատեսվում է առաջիկայում ընդլայնել տուն-ինտերնատի շենքային պայմանները:

Վերլուծությունը ցույց է տվել, որ մարդիկ հիմնականում սոցիալական վատ պայմանների պատճառով են հայտնվում ծերանոցում: Գյումրեցի ծերերն այսօր իրենց տոնը նշել են տոնական միջոցառմամբ, հավաստել են, որ մեծ ընտանիքում ճիշտ է ապրում են հանգիստ  ու դժգոհ չեն ծերանոցի պայմաններից, բայց իրենց ծերության վերջին տարիները կուզենային ապրել երեխաներով ու  թոռնիկներով շրջապատված: