Այսօր` հոկտեմբերի 1-ին, լրացավ մեկ տարին, ինչ սեփական ամուսնու ու սկեսուրի դաժան ծեծից մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, ով մեծացել էր մանկատանը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հիշեցնում է, որ արդեն մեկ տարի է, ինչ ընթանում է այդ գործով դատավարությունը:

Դատի ընթացքում հարցաքննվել են դատական բժիշկներ Սարգսյանը եւ Մելիքյանը: Վերջինս հայտնել է, որ դիահերձման ժամանակ ինքը չի նկատել որեւէ թույնի ազդեցություն Զարուհու մարմին վրա:Այսպիսով պաշտպանական կողմի վարկածը, թե Զարուհին մահացել է ինքնաթունավորումից  հերքվել է:

Հերքվել է նաեւ այն փաստը, որ Զարուհի Պետրոսյանի վնասվածքների եւ մահվան պատճառը աստիճաներից գլորվելն է: Պարոն Սարգսյանի խոսքով, նա չէր կարող ունենալ նման վնասվածքներ աստիճաներից ընկնելու ժամանակ:

Այնուհետեւ պաշտպանական կողմը ներկայացրել է մի շարք միջնորդություններ, որոնց թվում.

1. Ներկայացրել է միջնորդություն` արտաշիրիմում եւ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնել: Միջնորդությունը մերժվել է:

2. Ներկայացրել է միջնորդություն նորից դատարան հրավերել վկաներ` Ասիա Զախարյանին, Դավիթ Հակոբյանին եւ Հայաստան Պետրոսյանին:

3. Ներկայացրել է միջնորդություն Զարուհի Պետրոսյանի հեռախոսը կրկին զննելու մասին:

4. Ներկայացրել է միջնորդություն Յանիս Սարկիսովին (Զարուհիի ամուսնուն) նշանակել դատահոգեբուժական հետազոտություն:

Այս ամենից հետո մեղադրող կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որ բոլոր վկաները հարցաքնվել են եւ տվել են իրեն ցուցմուքները, որտեղ ամեն ինչ շատ պարզ է, իսկ այս ամենը ըստ մեղադրող կողմի կատարվում է միայն անհարգի դատը հետաձգելու համար:

Դատավորը մերժել է բոլոր միջնորդությունները եւ համարել դատաքննական շրջանը ավարտված: Երկու կողմերին տրվել է 10 օր ժամանակ` վիճաբանության փուլին անցնելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ժամ 12:00-ին:

Ի դեպ, դատարանի բակում ամբաստանյալ Յանիս Սարկիսովի եղբայրը վրդովված դատարանի վերաբերմունքից` հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձյան հայտարարել է, որ. «Նատուռի վերջ, ես Եվրադատարան եմ դիմում»:

Հիշեցնենք, որ 2010-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր: