«Վարշավայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված  հռչակագիրը բանակցությունների արդյունք էր: Այդ բանակցությունների ընթացքում բոլոր մակարդակներում մեզ հաջողվեց ձևակերպումներն ապահովել այնպես, որ սկզբունքնորեն արտահայտվեն Արևելյան գործընկերության ու դրա նպատակների մասին մեր տեսակետները, մեր մոտեցումները»,-անդրադառնալով Վարշավայում ընդունված հռչակագրին` նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով` Արևելյան գործընկերությանը հնարավորություն է ընձեռում խորացնել ու նոր մակարդակի բարձրացնել Եվրամիության հետ Հայաստանի գործակցությունը, ինչպես նաև ծառայում է մեր պետությունը եվրոպական չափորոշիչներին համապատասխան զարգացնելու նպատակին:  «Արևելյան գործընկերությունը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային համագործակցության զարգացման առումով: Վերը նշված նպատակի իրագործման շուրջ է ընթանում ԵՄ համագործակցությունը ԱԳ նաև մյուս մասնակից պետությունների հետ, ինչը նշանակում է, որ եվրոպական տարածաշրջանում իր ամբոջությամբ ձևավորվում է միասնական սկզբունքների ու չափորոշիչների դաշտ»,-նշեց փոխարտգործնախարարը:

Անդրադառնալով Եվրոպայի կողմից  էներգետիկ դիվերսիֆիկացման խնդրի կարեւրությանը և այն դիտարկմանը, որ Արևելյան գործընկերութան մասնակից Ադրբեջանն այդ ոլորտում «Հարավային միջանցք»  ծրագրով փորձում է գործել ի վնաս մյուսների շահի, Զ. Մնացականյանը նկատեց, որ Արևելյան գործընկերութան նպատակներից է համապարփակ համագործակցությունը բոլոր մակարդակներով, ներառյալ` էներգետիկ ոլորտում: «Հայաստանը պնդել ու պնդում է, որ էներգետիկ անվտանգության, էներգակիրների տեղափոխման ու մատակարարման քաղաքականությունը պետք է լինի բաց և ընդգրկուն: Այս սկզբունքի ձևակերպումը Հայաստանի պնդմամբ ամրագրվել է ԱԳ Վարշավայի հռչակագրում, ուր մասնակից պետությունները հայտարարել են նման քաղաքականություն հետապնդելու մասին:

Էներգետիկ անվտանգության առումով մեզ համար կենսական նշանակություն ունի նաև միջուկային էներգետիկան, դրա զարգացման ու անվտանգ շահագործման ապահովումը: Այս դեպքում ևս ԵՄ հետ համագործակցության սկզբունքը ամրագրվեց հռչակագրի մեջ»,-ավելացրեց նա` նկատելով, որ «Հարավային միջանցքն» այսօրվա դրությամբ պարունակում է տարրեր, որոնք ուղղակի հակասում են Արևելյան գործընկերության ոգուն:

Ըստ նրա` որքան էլ հասկանալի լինի էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացիայի նշանակությունը ԵՄ համար, հայկական կողմը չի կարող ընդունել և չի ընդունելու «Հարավային միջանցքի» տրամաբանությունն այնպես, որ դա հակասի Արևելյան գործընկերության որևէ մասնակցի շահին:

«Ադրբեջանի կողմից ԵՄ այս շահագրգռվածության շահարկումը քայքայում է «Հարավային միջանցքի» արժանահավատությունը և այն ծառայեցնում մեր տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության ձևավորման նպատակների դեմ: Հայաստանի նախագահը Վարշավայում բավական հստակ արտահայտվեց այս հարցի առնչությամբ: Վստահաբար, չենք կարող պատկերացնել, որ ԵՄ կողմից Ադրբեջանի նման քաղաքականությունը խրախուսվի:  Ուստի Հայաստանը պնդեց, որպեսզի Հռչակագրի տեքստում այս հարցի առնչությամբ ձևակերպումները արտացոլեն միջանցքի հանդեպ ոգևորության պակասը»,-նշեց  փոխարտգործնախարարը: