«Հայ Ֆեստ» թատերական միջազգային փառատոնի Ազատության հրապարակում նախատեսված հոկտեմբերի 2-ի ներկայացումը տեղի չունեցավ: Նշենք, որ սեպտեմբերի 30-ից ՀԱԿ-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք է կազմակերպել:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Հայ Ֆեստի մամուլի բաժնի ղեկավար Լիլիթ Ասլանյանը, Ազատության հրապարակում նախատեսված էր Միհր պարային պլաստիկայի թատրոնի ներկայացումը: «Միջոցառումը արտոնված էր քաղաքապետարանի կողմից»,- ասաց Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 1-8-ը ընթանում է «Հայ Ֆեստ-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Կ. Ստանիսլավսկիի անվան Ռուսական դրամատիկական թատրոնում հունգարական «Փի-Ար-Էվոլուշն» պարային ընկերության «Կապույտ մարդիկ» ներկայացմամբ:
Այս տարի փառատոնն անցնում է «Տես թատրոն, լսիր թատրոն, խոսիր թատրոնից» կարգախոսով: «Հայ ֆեստ-2011»-ում հանդես կգան շուրջ 18 երկրի 30 թատերախումբ, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից: «Հայ Ֆեստի» շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Tango de soledad («Մենության տանգո»-ն) 3D ներկայացումը` Բիլլի Քոուի բեմադրությամբ, որն այս տարի ընդգրկված է եղել Էդինբուրգի փառատոնին:




























