Ոստիկանության Հրազդանի բաժնում հոկտեմբերի 1-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 42-ամյա Սամվել Բաղդասարյանի դիակը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Բաղդասարյանին ամրակցված «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Միկրոշրջան թաղամասի ճանապարհին բախվել է շինություններից մեկի քարե ցանկապատին, այնուհետեւ`  ճամփեզրի զարդաքարին եւ կանգ առել:

Միաժամանակ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19-ին, Բաղդասարյանի համար, սրտի հիվանդության պատճառով, «շտապօգնությունում» կանչ  է  գրանցվել, սակայն հիվանդը հրաժարվել է բուժում ստանալուց:

Ս. Բաղդասարյանի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: