Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց շուրջօրյա բողոքի ակցիաների թվով երրորդ հանրահավաքը:

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, բացելով հանրահավաքը, հայտարարեց, թե արդեն երրորդ տարին է՝ «Հայաստանում ձեւավորվել է քաղաքական բանսարկուների եւ վետերոկի հեղափոխականների մի խավ»:

«Այդ խավը ապացույցներ է ներկայացնում, թե ՀԱԿ-ը իշխանությունների հետ գնացել է գործարքի: Ընդամենը մի քանի օր առաջ «հիմնավոր» ապացույց էին բերում, թե ՀԱԿ-ը գործարքի է գնացել, քանի որ շուրջօրյա հանրահավաք չի անում: Հիմա էլ «հիմնավոր» ապացույց են բերում, թե գործարքի է գնացել, քանի որ շուրջօրյա հանրահավաքներ է անում:

Եթե իմ որդին ապրի այն զգացողությամբ, ինչով ապրում է Արթուր Բաղդասարյանի որդին, ապա ես ինքնասպանություն կգործեմ»,- հայտարարեց Փաշինյանը:

Վերջինիս խոսքով, ընդդիմադիր ուժը գործարքի գնացել է միայն ժողովրդի հետ: «Մենք այսօր ՀՀ քաղաքացուն ասում ենք մեկ բան: Մենք գործարքի ենք գնացել միայն Հայաստանի ժողովրդի հետ: Յուրաքանչյուր քաղաքացի կոնգրեսի առաջարկած մոտեցումների վերաբերյալ կարող է ունենալ իր կարծիքը: Նրանք ովքեր ուզում են գործարք առաջարկել Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիր ուժին, թող գան Ազատության հրապարակ: ՀԱԿ-ը գործարք չի ընդունում դիվաններին պառկածների հետ: Հայաստանի քաղաքացի, արի հրապարակ եւ կայացրու քո որոշումը: Մենք կգնանք եւ կիրականացնենք քո կայացրած ցանկացած որոշում»,- նշեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, այժմ էլ կանխատեսումներ են անում ՀԱԿ-ի մոտալուտ պարտության մասին: «ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ կարող է ունենալ հաջողություններ եւ անհաջողություններ, բայց ՀԱԿ-ը երբեք չի պարտվի: Մենք երբեք չենք մեզ պարտված չենք ճանաչի, քանի դեռ չենք կազմաքանդել ավազակապետությունը»,- ազդարարեց Փաշինյանը: