Հայաստանի ոստիկանությունը պարտավոր է աջակցել Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներին, այլ ոչ թե խոչընդոտել: Այդ մասին ՀԱԿ հանրահավաքին հայտարարել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:
Վերջինս անդրադառնալով ոստիկանության կողմից պարբերաբար հնչող նախազգուշացումներին,թ ե «հավաքն ապօրինի է», նշեց, որ «կարիք է առաջացել վերջնական իրավաբանական հստակեցում մտցնել՝ արդյոք մեր հավաքները իրավական ինչպիսի գնահատական պիտի ստանան»: Ջհանգիրյանը մեջբերումներ արեց Հայաստանի Սահմանադրությունից եւ 2011թ. ապրիլի 14-ին ընդունված Հավաքների ազատության մասին» օրենքից: «Սահմանադրության 29-րդ հոդվածը նախատեսում է հավաքների ազատության իրավունքը: Այն բացարձակ իրավունք է, եթե վտանգ չի ներկայացնում պետության անվտանգության եւ քաղաքացիների համար»,- նշեց Ջհանգիրյանը եւ հավելեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 32 կետով ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով զգուշացնել հավաքի ապօրինի լինելու մասին: Բայց միաժամանակ, եթե հավաքը խաղաղ է անցնում, ոստիկանները պարտավոր են աջակցել հավաքի մասնակիցներին: Ըստ Ջհանգիրյանի, ոստիկանությունը աջակցելու փոխարեն խոչընդոտում է հավաքի մասնակիցներին՝ կոպտորեն ոտնահարելով օրենքի տվյալ դրույթը:
Որպես օրինակ նախկին զինդատախազը նշեց ոստիկանների կողմից մարզերի ճանապարհները փակելու հանգամանքը: նա նաեւ պատմեց, որ հոկտեմբերի 1-ին Երեւանից մի խումբ դպրոցականներ ուսուցչի հետ գնացել են Օշական՝ Մաշտոցի գերեզմանին, հետո ժամեր շարունակ չեն կարողացել վերադառնալ Երեւան. «Պարոնայք ոստիկաններ, այդ դպրոցականները ձեզ ինչ էին արել, որ այդքան ահաբեկվել եք նրանցից»,- նշեց Ջհանգիրյանը:




























