Հայաստանի իշխանությունները սադրիչների է ուղարկում ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները հունից հանելու համար: Այս մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Վերջինս իր խոսքում նշել է, թե ընդդիմության պայքարը մտել է վճռորոշ փուլ, եւ համապատասխանաբար վարչախումբն էլ անելու է ամեն ինչ բողոքի ակցիան խոչընդոտելու համար:

«Իշխանությունները փորձելու են վերացնել մեր ամենակարեւոր զենքը՝ խաղաղ բնույթը: Ոստիկանության կողմից փորձեր են եղել վեճի մեջ մտնել մեր ցուցարարների հետ, եւ որոշ տաքարյուններ պատասխանել են: Որեւէ խնդիր պետք է բացառվի, իսկ ոստիկանության հետ պետք է բանակցեն միայն համապատասխան անձինք»,- նշել է Զուրաբյանը:

Նա նաեւ անդրադարձել է ճանապարհները փակելու խնդրին եւ նկատել, որ Հայաստանի իշխանությունները հավասարվել են Ադրբեջանին եւ Թուրքիային՝ շրջափակում իրականացնելով սեփական երկրում:

«Հավատացեք՝ ամեն ինչ գնում է ըստ նախատեսված պլանի, եթե մենք որեւէ սադրանքի չտրվենք, շատ շուտով ապրելու ենք ազատ եւ անկախ Հայաստանում»,- ամփոփել է Զուրաբյանը: