90-ականների կեսերին մի լեգենդ հռչակվեց, թե ԽՍՀՄ Խնայբանկում պահվող ավանդները թալանել են նոր հաստատված դեմոկրատական իշխանությունները: Սա 20-րդ դարի ամենամեծ սուտն է: Այդ մասին հանրահավաքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Վերջինս իր ելույթում նշել է, թե Ազատության հրապարակում ընթացող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մի խումբ մասնակիցներ նամակ են հղել իրեն ավանդների վերաբերյալ, եւ այդ նամակում որպես ավանդների կորստյան մեղավոր նշված է հենց Տեր-Պետրոսյանի անունը:
«Խոսքը վերաբերում է խորհրդային Խնայբանկի ավանդների սառեցմանը: Մի լեգենդ հռչակվեց 90-ականների կեսերին, որ իբր այդ ավանդները թալանել են այդ երկրներում հաստատված նոր դեմոկրատական իշխանությունները, Ռուսաստանում՝ Գայդարը եւ մյուսները, Հայաստանում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բագրատյանը: Սա 20-րդ դարի ամենամեծ սուտն է»,- նշեց Տեր-Պետրոսյանը եւ հավելեց. «ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները սառեցվել են 1991թ., երբ դեռ ԽՍՀՄ-ը գոյություն ուներ, Գորբաչովի նշանակած Մինիստրների խորհրդի նախագահ Պավլովի կողմից: Պավլովը հատուկ որոշում ընդունեց սառեցնել բոոր ավանդները»:
Հայաստանի առաջին նախագահի խոսքով, «Հայաստանը գուցե միակ երկիրն էր, որ կարողացավ մեկ շաբաթ չենթարկվել Պավլովի հրամանին, եւ գոնե ամբողջ կանխիկ գումարը հնարավորինս արագ վերադարձնել ավանդատուներին»:
«ԽՍՀՄ որեւէ հանրապետության ղեկավար մի կոպեկ չէր կարող հանել խնայբանկից»,- նշեց Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ ներկայացրեց ավանդների վերադարձման իր տեսլականը, որի մասին ժամանակին նշել էր նաեւ նախընտրական իր ծրագրում: Ըստ այդմ, ԽՍՀՄ Խնայբանկում Հայաստանից կար 4,5 միլիարդ ռուբլի, որը շուկայական գներով հավասար էր 1 միլիարդի, եւ դրա վերադարձման համար պետք է ձեւակերպել պարտատոմսեր:
«Պետությունը ժողովրդին պարտք է մեկ միլիարդ դոլար: Սա մեծ բան չէ: Պարտատոմսեր են տալիս, որը հանգիստ կարող եք փոխանցել ձեր երեխաներին: Սրանով լուծվում է իրավական խնդիր, լուծվում է բարոյական խնդիր: Պետությունը կստանձնի իր պարտքը: Ամենամեծ ցավն այն է, որ Հայաստանը մինչեւ հիմա չի ստանձնել իր պարտքը»,- նշեց Տեր-Պետրոսյանը:
Ի դեպ, նա նաեւ նշեց, որ հանրահավաքի մասնակիցները կարող են գրավոր հարցեր հղել կոնգրեսի ղեկավարներին, եւ կամ ինքը, կամ համապատասխան մասնագետները կպատասխանեն ցանկացած հուզող հարցի:




























