Երեկ երեկոյան «Շտապօգնության» բրիգադի կողմից «Թալին» ԲԿ է բերվել Արագածավանի բնակիչը, որի մոտ առկա էր գլխի շրջանի արյունահոսող վերք, դրվել են երկու հանգուցակարեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Թալին» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Աննման Կնյազյանը, ով այս պահին նաեւ փոխարինում է գլխավոր բժշկին:
«Պացիենտի մոտ ոչ մի պաթոլոգիկ ռեֆլեքսներ չեն դիտվել, հոսպիտալացման կարիք չի զգացվել: Հիվանդը բուժօգնությունից հետո ուղարկվել է տուն:
Գլխի շրջանում պատռված վերք էր, չեմ կարող ասել, թե քանի հարված է եղել: Այդ պահի դրությամբ հիվանդի մոտ ոչ մի նեվրոլոգիական վիճակ չի եղել, վիրաբուժական ասպեկտով էլ բացի այդ երկու կարից, այլ բուժօգնության կարիք չի զգացվել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։
Նախօրեին գյուղացիները փակել են ճանապարհը եւ պահանջել, որ Սուրեն Թորսոսյանը ներկայանա եւ պատասխան տա իր արածի համար: Գյուղացիները պատմել են, որ կոնֆլիկը կապված է ջրի հետ. «Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք, ջրենք, ու մի թեթեւ հրել է: Դեպքից անցել է 20 օր: Նա անցնելուց է եղել, տեսել է, որ երիտասարդը մենակ է եղել իր աշխատավայրում՝ վուլկանիզացիայում, ասել է՝ արի՝ խոսենք, գնացել են մի փոքր հեռու, գազ է հանել, փչել երեսին եւ մահակով գլխին է հարվածել: Երիտասարդն էլ էպիլեպսիկ հիվանդություն ունի: Նոր՝ քիչ առաջ այստեղ ոստիկանների հետ խոսելիս վատացավ, տեղափոխեցին հիիվանդանոց»,-պատմել են գյուղացիները:





























