Երեւանում այսօրվանից` հոկտեմբերի 3-ից, մեկնարկել է Gaudeamus (Գաուդեամուս) ուսանողական կինոփառատոնը:
Ըստ այդմ, բուհերում կկազմակերպվեն փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի նպատակն է միջազգային կինոարվեստի ամենանշանավոր նմուշները հնարավորինս հասանելի դարձնել հայ հանդիսատեսին եւ, մասնավորապես, երիտասասարդությանը: Ծրագրի ստեղծման հիմք է հանդիսացել այն փաստը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի անց է կացվում հուլիս ամսին՝ համընկնելով ուսանողների ամառային արձակուրդների հետ: Արդյունքում` նրանք զրկվում են «Ոսկե ծիրան» փառատոնում ներկայացված ֆիլմերին ծանոթանալու հնարավորությունից:
Gaudeamus ուսանողական կինոփառատոնը կնպաստի բուհերում գործնական գիտելիքների եւ գեղագիտական կրթության համադրմանը: Հարցն այսօր առավել քան արդիական է այն պարզ պատճառով, որ, ակադեմիական կրթական համակարգի հիմնական թիրախը դարձել է գործնական գիտելիք եւ մասնագիտական հմտություններ ստանալը, իսկ հաղորդակցումը մշակութային արժեքներին, ցավոք, աստիճանաբար սկսել է ստորադասվել պրակտիկ գիտելիքներ ստանալու ցանկությանը:
Ֆիլմերի ցուցադրությունները բուհերում նախատեսվում է շաբաթական մեկ անգամ` սկսած 2011թ-ի հոկտեմբերի 3-ից մինչեւ ուսումնական տարվա վերջը:
Նախագծում ներգրավված է 4 բուհ: Հանրահայտ ռեժիսորների աշխատանքներն ուսանողներին են ներկայացվելու շարժական կինոտեխնիկայի միջոցով: Քանի որ համալսարանում շեշտը դրված է օտար լեզուների խորացված ուսուցման վրա, կազմակերպիչները նախատեսում են նաեւ չթարգմանված ֆիլմերի ցուցադրություններ, վստահ լինելով, որ այն առավել կխթանի տարբեր օտար լեզուների իմացության խորացմանը:




























