Ազգային ժողովում, այսօր` հոկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել ՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակով ստեղծված կոլաիցիայի աշխատանքային խմբի նիստը, որի ժամանակ հայտարարություն է ընդունվել:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:

«Այսօր տեղի ունեցավ մեր աշխատանքային խմբի քննարկումը, որին, հանրապետությունից բացակայության պատճառով, ներկա չէին Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց իշխանությունների հետեւողական հորդորներից հետո սկսած երկխոսության գործընթացի` ՀԱԿ-ի կողմից անտրամաբանական կասեցման հարցին: Մենք անընդունելի  ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը եւ դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով  երկխոսության վիժեցումը: Միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջապես հասկացան, որ հարցեր քննարկելու եւ լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է: Ափսոսում ենք, որ այսքան ժամանակ է կորցվել:

Միեւնույն ժամանակ չենք կարծում, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելն այն արդյունավետ կդարձնի: Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները»: