Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սնանկության դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ «Առլա» ՓԲ ընկերությունը 2010թ. մայիսի դրությամբ պետության հանդեպ ունեցել է 3 163 200 դրամ հարկային պարտավորություն: Հիշյալ ընկերության տնօրենը անձնական կարիքների համար 2009-2011թթ. ընթացքում իր հայեցողությամբ տնօրինել է ընկերության ունեցած 1 319 020 դրամի դրամարկղային մնացորդը` կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ: Արդյունքում` պետությանը պատճառվել է 1 319 020 դրամի խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:



























