Վենետիկում, այսօր` հոկտեմբերի 4-ին, Հայաստանի եւ Վենետո մարզի միջեւ զբոսաշրջության խթանմանը նվիրված աշխատանքային համաժողով է կազմակերպվել:

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` Իտալիայի Վենետո մարզի, Վենետիկի առեւտրի պալատի եւ Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության հետ համատեղ:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին մասնակցում են երկու երկրների շուրջ 55 ընկերություններ: Նոյեմբերին նախատեսվում է պատասխան համաժողովի կազմակերպումը Երեւանում:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ ներկայացրել զբոսաշրջության ոլորտում Վենետո-Հայաստան համագործակցության զարգացման հնարավոր ուղիները:

Հանդիպումներ են նախատեսված մարզային իշխանությունների ներկայացուցիչների, Վենետիկի առեւտրի պալատի նախագահի եւ տեղի հայ համայնքի հետ: