Հայաստանում մարդիկ հրաժարվում են կառավարությանը «պարտք տալ» անգամ գրավիչ տոկոսադրույքով։ Այս մասին Ազգային ժողովում, 2022թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հունիսի 15-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Անընդհատ միտքս են գալիս «Все хорошо, прекрасная маркиза» երգի բառերը։ Մանավանդ երբ լսում եմ կառավարության ներկայացուցիչների զեկույցները 2022թ. բյուջեի կատարողականի մասին»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանի բիզնես-միջավայրը տխուր պատկեր է ներկայացնում։ Այս մասին, ինչպես նշել է քաղաքական գործիչը, վկայում է այն փաստը, որ դեպոզիտները եւ ցպահանջ հաշիվներն ավելացել են 1,1 տրլն դրամով, իսկ վարկային պորտֆելը՝ ընդամենը 242 մլրդ դրամով։ Դա, պատգամավորի կարծիքով, վկայում է հսկայական լիկվիդայնության առկայության մասին։ Գործարարները չեն կարող միջոցներ ներդնել, եւ փողերը մնում են դեպոզիտներում «քնած» վիճակում։
«Դուք խոսում եք այն մասին, որ գանձապետական պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն։ Պատճառն այն է, որ այլեւս ներդնելու տեղ չկա։ Դրա համար էլ մարդիկ գնում են գանձապետական պարտատոմսեր։ Այնինչ, դուք խրոնիկ ի վիճակի չեք բաշխել խնայողական պարտատոմսերը։ Դա նշանակում է, որ մարդիկ նախընտրում են փողերը պահել ցպահանջ հաշիվներում։ Բայց չէ՞ որ դրանք եկամուտ չեն ապահովում»,- նշել է Խաչատրյանը։




























