Աբորտի կողմնակիցները կրկին դուրս են եկել Լեհաստանի քաղաքների փողոցներ։ Պատճառը կնոջ մահն է եղել, ում մոտ հղիության 20-րդ շաբաթում բարդություններ են առաջացել, հայտնում է DW-ն։

Կանանց աբորտի իրավունքի կողմնակիցները երթ են անցկացրել Լեհաստանի մի քանի քաղաքների փողոցներով։ Վարշավայում երթը հասել է երկրի առողջապահության նախարարության կենտրոնակայան՝ «Դադարեցրե՛ք մեզ սպանել» կարգախոսի վանկարկումներով և այնպիսի ցուցանակներով, ինչպիսիք են՝ «Դժոխք կանանց համար» և «Մեզ բժիշկներ են պետք, ոչ թե միսիոներներ», հայտնում է Reuters-ը:

Երթերը տեղի են ունեցել երկրի ավելի քան 50 քաղաքներում, որին նախորդել է հղիության բարդությունների պատճառով կանանց մահվան ողբերգական և ոչ առաջին դեպքը, մի իրավիճակում, երբ աբորտը կարող էր փրկել նրանց կյանքը։

Մայիսին Լեհաստանի հարավում գտնվող Նովի Տարգ քաղաքի հիվանդանոց է ընդունվել տեղի 33-ամյա բնակիչը: Կինը եղել է հղիության 20-րդ շաբաթում, սակայն նրա մոտ բարդություններ են առաջացել և պտղաջրերի արտահոսք է եղել։ Հիվանդը մահացել է սեպտիկ շոկից 3 օր անց։ Նրա ամուսինը հայտարարել է, որ բժիշկներից ոչ ոք չի առաջարկել, որ ընտանիքն արհեստականորեն ընդհատի հղիությունը, թեև երեխայի ողջ մնալու հավանականությունը շատ ցածր է եղել, և վիրահատությունը կարող էր փրկել կնոջը։