Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կառավարությունն անհանգստություն է հայտնել Ռուսաստանին այն առիթով, որ Մոսկվան, իբր, կարող է Թեհրանին մատակարարել առաջադեմ սպառազինության համակարգեր՝ Ուկրաինայի մարտերին աջակցելու դիմաց։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Կնեսետի (խորհրդարանի) արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նիստում, հաղորդում է իսրայելական Walla պորտալը, փոխանցում է ТАСС-ը։

Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Իսրայելն ու Ռուսաստանը պահպանում են «հանգիստ երկխոսությունը», որի ընթացքում կողմերը «ազնվորեն և բաց» քննարկում են առկա իրավիճակը։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ երկու կողմերն էլ, ընդ որում, միմյանց նկատմամբ վերապահումներ ունեն. Մոսկվան իբր մտահոգություն է հայտնել Ուկրաինային իսրայելական օգնության ծավալների աճի կապակցությամբ, իսկ Իսրայելը մտահոգված է Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև աճող համագործակցությամբ:

Նա հավելել է, որ կառավարությունը շարունակում է իր նախորդների ընտրած կուրսը, որում Իսրայելը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Կիևին, սակայն ձեռնպահ է մնում զենք մատակարարելուց։

Իսրայելի` «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը Ուկրաինային փոխանցելուց հրաժարվելը կապված է թե՛ Իրանի խնդրի, թե՛ զգայուն տեխնոլոգիաների՝ Իրանի ձեռքն ընկնելու սպառնալիքի հետ։