Action Group-ի հիմնադիր, բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը գտնվում էր զբոսաշրջային բաթիսկաֆում, որն ուղեւորվում էր դեպի Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկ» նավի խորտակման վայրը, հայտնում է Sky News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձեռնարկատերը զբաղվում է բիզնես ավիացիայով։ 2022 թվականին նա որպես զբոսաշրջիկ թռել էր տիեզերք։ Ավելի վաղ Հարդինգը սոցիալական ցանցերում հայտնել էր բաթիսկաֆով «Տիտանիկի» խորտակման վայր գնալու մասին: Ավելի ուշ գործարարի խորթ որդին հայտնել էր, որ Հարդինգը անհետացել է բաթիսկաֆի հետ միասին։
Այժմ Ատլանտյան օվկիանոսում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ ԱՄՆ-ի առափնյա պահպանության հյուսիսարեւելյան վարչությունը թվիթերյան իր էջում գրել է, որ Միացյալ Նահանգները եւ Կանադան երկու ինքնաթիռ են ուղարկել բաթիսկաֆի որոնման համար:
ԱՄՆ-ն C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է հատկացրել, իսկ Կանադան՝ Boeing P-8 Poseidon պարեկային ինքնաթիռ։ Որոնողական աշխատանքներն անցկացվում են Քեյփ Քոդ հրվանդանից մոտ 900 մղոն հեռավորության վրա՝ ԱՄՆ-ի Ատլանտյան օվկիանոսի ափին։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է նաեւ կանադական Polar Prince հետազոտական նավը։
Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը խորտակվել է 1912 թվականի ապրիլին իր առաջին նավարկության ժամանակ՝ բախվելով այսբերգին։ Նավի վրա եղել է ավելի քան 2000 մարդ, որոնցից շատերը մահացել են։
Բրիտանացի կոնտրծովակալ Քրիս Փերին կարծում է, որ բաթիսկաֆը հնարավոր է մնացել է նավի բեկորների մեջ: Նա ընդգծել է, որ նավում թթվածնի պաշարի վերաբերյալ հաշվարկները խիստ մտահոգիչ են։
Ատլանտյան օվկիանոսում կորած բաթիսկաֆի զբոսաշրջիկներից մեկը գրառում է կատարել Facebook-ում։
Ջրասուզորդ Ռորի Գոլդենը հայտնել է, որ ինքը եւ անձնակազմի բոլոր անդամները լավ են: Նա խնդրել է չճշտել նրանց անունները եւ չշահարկել այս թեմայով։
Նրա խոսքով, իրավիճակով զբաղվում է որոնողափրկարարական ծառայությունը։ Գոլդենը հավելել է, որ համացանց մտնելու իրենց հնարավորությունները սահմանափակ են։ Այս առնչությամբ նա խոստացել է անհրաժեշտության դեպքում հրապարակումներ անել։
Ծովակալ Ջոն Մաուգերն ասել է, որ «Տիտանիկի» խորտակման վայր ուղեւորված բաթիսկաֆում գնտվողներին թթվածինը կբավականացնի երեք օր:
Մոգերն ասել է, որ ավելի քան 30 ժամ է անցել փրկարարական աշխատանքներից, սակայն Նյուֆաունդլենդի ջրերում նավն այդպես էլ չի հայտնաբերվել։





























