Ուկրաինայի տարածքում արդեն գործում են SAMP/T (ֆրանսիական անվանումը՝ Mamba) հակաօդային պաշտպանության ֆրանս-իտալական համակարգերը։ Այս մասին երկուշաբթի Փարիզում  հակաօդային պաշտպանության եվրոպական համաժողովի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Իմ իտալացի գործընկեր Ջորջիա Մելոնիի հետ ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ ֆրանս-իտալական SAMP/T համակարգերն այժմ տեղակայված են եւ արդեն գործում են Ուկրաինայի տարածքում, որտեղ դրանք ծածկում են կարեւոր օբյեկտներ», - ասել է նա:

Փետրվարին Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Փարիզն ու Հռոմը պայմանավորվել են գարնանը Ուկրաինա SAMP/T միջին հեռահարության ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների շուրջ։ Սակայն ապրիլին Politico հրատարակությունը, վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքին, հայտնել էր, որ մատակարարումներն իրականում կարող են իրականացվել միայն հունիսին: