Հնդկաստանը չեզոք դիրք չի զբաղեցնում Ուկրաինայի շուրջ իրավիճակի հարցում, այլ կողմ է խաղաղությանը, միջազգային իրավունքի եւ ինքնիշխանության պահպանմանը եւ աջակցում է խաղաղ կարգավորման հասնելու բոլոր իրական փորձերին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը հունիսի 21-24-ին այցելելու է ԱՄՆ պետական այցով։

«Ես չեմ կարծում, թե այս մոտեցումը շատ է տարածված ԱՄՆ-ում։ Կարծում եմ, որ Հնդկաստանի դիրքորոշումը հայտնի է ամբողջ աշխարհին եւ ընկալման է արժանանում։ Բոլորը կարող են վստահ լինել, որ Հնդկաստանի բարձրագույն գերակայությունը խաղաղությունն է»,- ասել է Մոդին The Wall Street Journal-ի հարցազրույցում՝ խոսելով հատուկ առզմական գործողության ֆոնին Ռուսաստանի հետ Հնդկաստանի սերտ կապերին Արեւմուտքում տրվող քննադատական գնահատականների մասին։

«Ոմանք ասում են, թե մենք չեզոք ենք, բայց մենք չեզոք չենք»,- նշել է նա։ «Մենք խաղաղության կողմից ենք։ Բոլոր երկրները պետք է հարգեն միջազգային իրավունքը եւ պետությունների ինքնիշխանությունը»,- ասել է Հնդկաստանի վարչապետը՝ նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն դիվանագիտության եւ բանակցությունների օգնությամբ։

Մոդին ընդգծել է, որ Նյու Դելին կանի «անհրաժեշտ ամեն ինչ» եւ կաջակցի «հակամարտությանը վերջ դնելու եւ ամուր խաղաղություն եւ կայունություն երաշխավորելու բոլոր իրական փորձերին»։