Ֆինլանդիայի խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Կոալիցիոն կուսակցության ղեկավար Պետերի Օրպոյի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, տեղեկացերլ է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը օրենսդիր մարմնի նիստից։
Օրպոյի թեկնածության օգտին քվեարկել է 107 պատգամավոր, դեմ՝ 81, տեղեկացրել է խորհրդարանի խոսնակը։
Ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո Օրպոն գլխավորել է բանակցային խումբը նոր կառավարության ձեւավորման հարցում, որի մեջ էին Կոալիցիոն կուսակցության, «Իսկական ֆիններ» կուսակցության, Շվեդական ժողովրդական կուսակցության եւ Քրիստոնյա դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկացվել է հունիսի 16-ին, նրանց հաջողվել է գործողությունների ընդհանուր ծրագիր մշակել մանդատի քառամյա ժամկետի համար եւ ձեւավորել նոր՝ Ֆինլանդիայի 77-րդ կառավարությունը, որը բաղկացած է 19 նախարարից։





























