Տավուշի մարզի Բերդ քաղաքի  ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող մարտական հենակետային դիրքերից մեկում անցած տարի ամռանը պաշտոնական վարկածի համաձայն ինքնասպան եղած սպա Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը:

Նշենք, որ սույն գործով արդեն 3 նիստ հետաձգվել էր՝ տարբեր պատճառաբանություններով, ամեն անգամ բացակայում էր գործին մասնակից կողմերից մեկը: Այս անգամ, որպես այդպիսին, առաջին նիստն է կայացել, որը տեւել է շուրջ 3 ժամ: Դատարանը ներկայացրել է տուժող կողմի հայտարարությունները, այնուհետեւ քննության առել տուժող ու մեղադրյալ կողմերի պաշտպանների միջնորդությունները: Մեղադրյալներից գումարտակի հրամանատար Վահագն Հայրապետյանի շահերի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարանին փոխել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը՝սահմանելով  պատժի այլընտրանքային տարբերակ եւ գրավով ազատ արձակել նրան: Դատարանը մերժել է այս միջնորդությունը: Տուժող կողմի ներկայացուցիչն ու հարազատները գտնում են, որ մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխելը հնարավորություն կտա նրանց խուսափելու դատական նիստերից, ինչպես  վկաների պարագայում:

2 վկայի համար ներկայումս հայտարարվում է, որ նրանք չեն մասնակցելու դատական նիստին, ուստի դատական գործին կցվելու է նրանց նախաքննական ցուցմունքները:

Վահագն Հայրապետյանն, ի դեպ, գումարտակի հրամանատար է եղել եւ Հակոբ Մանուկյանից հետո երկրորդ գլխավոր անձն է համարվում սույն գործով:

Տուժող կողմի պաշտպանն ու  հարազատները մտավախություն են հայտնել, որ սույն միջնորդությունը բավարարելու դեպքում Հայրապետյանն այլեւս չի ներկայանա դատական նիստերին:

«Վահագն Հայրապետյանը, Հակոբ Մինասյանի հետ միասին Արտակին ջարդել են, նրան Հակոբը կանչել է «իտոգ» տալու ու լավ էլ իտոգ է տվել: Երեխին ծեծել են ու պարծեցել, թե՝ տեսաք ինչ արինք, հիմա ուզում են գրավով ազատել, որ ամբաստանյալը փախչի»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արտակ Նազարյանի մայր՝ տուժողի իրավահաջորդ Հասմիկ Հովհաննիսյանը:

Դատարանը մերժել է Վահանգն Հայրապետյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Իսկ տուժող կողմի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդես  է եկել մեկ այլ միջնորդությոմբ, իրենց տրամադրել գործին կցված լուսանկարների կրկնօրինակները, որոնք տուժող կողմը չի կարողացել ձեռք բերել արդեն մեկ տարուց ավելի:

«Հասկանում եք, մեզ լուսանկարներն են պետք, որ արվել են Բերեդի  դիահերձարանում, դրանք մենք ուղարկելու ենք արտերկիր՝ փորձաքննության, քանի որ համաձայն չենք նախաքննության եզրակացության հետ»,-ասել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Հատկանշական է, որ դատաքննության բոլոր  կողմերն են դժգոհություն  հայտնել  նախաքննական մարմիններից: Գործում հիմնական մեղադրյալ համարվող Հակոբ Մանուկյանի պաշտպանը եւս հայտարարել է, որ, նախքննական մարմիններն աշխատել են  ենթադրությունների հիման վրա: «Կարծես այսօր դատարանում են մարդիկ, ովքեր կարող են քավության նոխազ լինել»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հ. Մանուկյանի շահերի պաշտպան Հրանտ Գեւորգյանը:

Հատկանշական է, որ անգամ գործում հիմնական մեղադրյալ համարվող Հակոբ Մանուկյանի շահերի պաշտպանը կասկածներ է  հայտնել, որ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել: «Ինքնասպան է եղել, թե սպանել են, ես խոստացել եմ չանրադառնալ դրան»,-ասել է նա:

Իսկ Նազարյաններն այս անգամ էլ վերահաստատել են իրենց գնահատականը առ այն, որ Արտակ Նազարյանը ինքնասպան չի եղել, «որքան էլ նրան փորձեին դրդել ինքնասպանության»:

«Արտակին սպանել են եւ դեռեւս գործին մասնակից բոլոր կողմերը չէ, որ հայտնի են»,-ասել է Արտակ Նազարյանի մայրը: