ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից խիստ քննադատության է ենթարկել գերմանացի պատգամավոր Մարինա Շուստերի ներկայացրած «Ազգային ինքնիշխանությունը եւ պետականությունը ժամանակակից միջազգային իրավունքում. պարզաբանման անհրաժեշտություն» զեկույցը եւ արձանագրել, որ այն անընդունելի ձեւակերպումներ է պարունակում:
«Պիտի ասեմ, որ զեկույցի հենց առաջին պարբերությունն ինձ զարմացրեց։ Մեր գործընկերը գտնում է, որ գոյություն չունեն պետականության հաստատման եւ այլ պետության կազմից օրինականորեն անջատվելու չափանիշներ։ Իհարկե, մենք բոլորս էլ գնահատում եւ ընդունում ենք Եվրոպայում խաղաղության պահպանման անհրաժեշտությունը։ Սակայն ցանկացած խաղաղություն եւ բարօրություն պետք է համակցվի մարդու իրավունքների պաշտպանությամբ, որը բարձրագույն արժեք է։ Պիտի նշել սակայն, որ զեկույցում առկա են բավականաչափ ոչ ճշգրիտ ձեւակերպումներ եւ հակասություններ։ Ուստի, ես կցանկանայի կանգ առնել միջազգային իրավունքի այնպիսի կարեւորագույն դրույթի վրա, ինչպիսին ազգերի ինքնորոշման իրավունքն է»,- իր ելույթում նշել է Զոհրաբյանը։
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակ սահմանել է ինքնորոշման սկզբունքը։ «Միավորված ազգերի նպատակներն են` ժողովուրդների միջեւ զարգացնել բարեկամական հարաբերություններ` հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա։ ՄԱԿ-ի կանոնադրության 55-րդ դրույթը եւս հստակ սահմանում է ազգերի ինքնոշորման սկզբունքի գերակայությունը»,- մեջբերել է հայկական պատվիրակության անդամն ու հավելել. «Ավելին, իր տարբեր բանաձեւերի միջոցով ՄԱԿ-ը մեկնաբանում եւ զարգացնում է ինքնորոշման սկզբունքը: 1952թ. դեկտեմբերի 16-ի բանաձեւում ՄԱԿ-ի վեհաժողովը հայտարարեց. «Ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար»։ Այսինքն՝ ինքնորոշման նկատմամբ հարգանքը նախապայման է համաշխարհային խաղաղության համար: Ուստի, ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքի ոտնահարում է, հետեւաբար՝ միջազգային իրավունքի խախտում»։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, որն իր անկախությունը հռչակել է միջազգային իրավունքին եւ գործող օրենքներին համապատասխան։ «Հաագայի Արդարադատության դատարանի վճիռը Կոսովոյի վերաբերյալ, որը փաստում է, որ անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, Հարավային Սուդանի անկախության հռչակումը մեկ անգամ եւս հաստատում են ազգերի ինքնորոշման սկզբունքի կարեւորությունը։ Եւ, կարծում եմ, բոլորս էլ հասկանում ենք, որ ինչքան էլ հակամարտությունները լինեն տարբեր, միջազգային իրավունքը չի կարող կիրառվել տարբերակված»,- արձանագրել է Զոհրաբյանն ու վստահություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է։ «Պարզապես, ես շատ կցանկանայի, որ մեր այն գործընկերները, որոնք իրենց զեկույցներում անդրադառնում են նման լրջագույն խնդիրներին՝ չմոռանան ազգերի ազատ ընտրության իրավունքը` որպես մարդու իրավունքի բարձրագույն արժեք։ Ինչը, ի դեպ, մենք, որպես ԵԽ անդամ պետություններ, մշտապես պարտավորվում ենք հարգել։ Քանզի այս ամբիոնից հնչած յուրաքանչյուր երկրորդ բառը դա մարդու իրավունքն ու այդ իրավունքի անվերապահ հարգումն ու ընդունումն է»,- ամփոփել է Նաիրա Զոհրաբյանը։




























