Երեւանի հասարակական տրանսպորտի հիմնախնդիրը մնում է չլուծված: Երթուղային տաքսիներում կանգնած ուղեւորները սովորական են, անվտանգության մասին կարելի է միայն ենթադրություններ անել, իսկ քաղաքակիրթ սպասարկումը լուսավոր ապագայի հարց է:
Քաղաքային երթեւեկությունը գրեթե քաոսի վերածող ավելի քան 2 հազար երթուղային տաքսիների խնդիրը դառնում է հավերժական: Այս տարի եւ հաջորդ տարվա առաջին եռամսյակում նախատեսվում է ներմուծել 236 ավտոբուս: Սակայն դա եւս չի կարող լուծել խնդիրը, քանի դեռ հազարավոր երթուղայիններ ծանրաբեռնում են մայրաքաղաքի փողոցները:
Հիմնախնդրի գլխավոր պատճառը վաղուց է հայտնի: Այս ոլորտում գործում են 60 կազմակերպություններ, որոնք պատկանում են հայտնի «գծատերերին»: Միկրոավտոբուսների թիվն էլ որոշվում է ոչ թե պոտենցիալ ուղեւորների թվին համապատասխան, այլ սեփականատերերի ցանկությամբ:
Մենք բոլորս ձգտում ենք եվրաստանդարտների: Այդ պատճառով ավելի լավ է հասարակական տրանսպորտի հայաստանյան իրավիճակը համեմատել որեւէ եվրոպական մայրաքաղաքի հետ:
Օրինակ վերցնենք Բեռլինը, որի հասարակական տրանսպորտի համակարգը լավագույններից մեկն է աշխարհում:
Գերմանիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կազմում են ավտոբուսները, տրամվայները, ստորգետնյա (U-Bahn) եւ վերգետնյա (S-Bahn) գնացքները, նաեւ լաստանավերը, որոնք կառավարվում են միայն մեկ կազմակերպության` BVG-ի կողմից:
Բեռլինի հասարակական տրանսպորտի աշխատանքը սկսվում է 4:30-ին եւ ավարտվում է 00:30-ին: Սակայն ամբողջ գիշեր քաղաքում հերթապահում են մոտ վեց տասնյակ ավտոբուսներ եւ տրամվայներ, իսկ մետրոյի որոշ գծեր աշխատում են շուրջօրյա:
Բեռլինի հասարակական տրանսպորտի ուղեւորավարձը խիստ տարբերակված է:
Քաղաքը բաժանված է գոտիների` A (կենտրոն), AB (ամբողջ քաղաքը) BC (առանց կենտրոնի) եւ ABC (Բեռլինը Պոտսդամի հետ): Բաժանմանը համապատասխանաբար սահմանվում է սակագինը:
Ամբողջ քաղաքում երկու ժամվա ուղեւորակտրոնի գինը 2,3 եվրո է: Հայաստանի չափանիշով դա թանկ է` մոտ 1150 դրամ: Սակայն նկատի ունենանք, որ Հայաստանի եւ Գերմանիայի բնակիչների միջին եկամուտը եւս անհամեմատելի է: Չնայած բարձր սակագներին, Բեռլինի տրանսպորտը եւս չի ծածկում ծախսերը եւ սնվում է քաղաքային բյուջեից:
Բեռլինի տրանսպորտի գրաֆիկի հետ հնարավոր է նույնիսկ ժամացույց ուղղել: Ուշացումները գրեթե բացառվում են: Մասնավոր փոխադրամիջոցներից բացի, Բեռլինի երթեւեկությունը զգալիորեն բեռնաթափում են հեծանիվները: Հեծանվորդների համար նախատեսված են առանձին ուղիներ մայթերին:
Երեւանի իշխանություններին չէր խանգարի անդրադառնալ բեռլինյան փորձին եւ համապաստախան դասեր քաղել:




























