Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսն այս ամսվա վերջին Չինաստան իր պաշտոնական այցից առաջ, հինգշաբթի ասել է, որ համաձայն չէ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այն հայտարարության հետ, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը բռնապետ է, հաղորդում է Reuters-ը։
«Ոչ, եւ կառավարման ձեւը, որը կա Չինաստանում՝ Չինաստանի ժողովրդի գործն է», - լրագրողներին ասել է Հիփքինսը:
Լրագրողի հարցին, թե արդյոք Չինաստանի ժողովուրդն իրենց կառավարման ձեւն ընտրելու հարցում իրավունք ունի, Հիփքինսը պատասխանել է. «Եթե նրանք ցանկանային փոխել իրենց կառավարման համակարգը, դա իրենց գործը կլիներ»:
Հիփքինսը Չինաստան կայցելի հունիսի 25-ից 30-ը` գլխավորելով առեւտրային պատվիրակությունը, որի կազմում կլինեն Նոր Զելանդիայի մի քանի խոշորագույն ընկերություններ: Նա կհանդիպի Սի Ծինփինի, վարչապետ Լի Ցյանի եւ Համաչինական ազգային ներկայացուցիչների ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Չժաո Լեցզիի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «բռնապետ» էր անվանել։ Ի պատասխան՝ Չինաստանն իր բողոքն էր հայտնել՝ Բայդենի հայտարարություններն «անհեթեթ» անվանելով եւ ԱՄՆ առաջնորդին մեղադրելով քաղաքական սադրանքի մեջ։





























