Մոսկվան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Հարավային Աֆրիկայում BRICS-ի գագաթաժողովում համարում է ոչ տեղին հյուր, այդ մոտեցումը փոխանցվել է ընդունող երկրին, հինգշաբթի ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Հասկանալի է, որ պետության ղեկավարը, որը նման թշնամական եւ անընդունելի քաղաքականություն է վարում մեր նկատմամբ, այդքան շեշտադրված եւ համոզիչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանին հարկավոր է ակտիվորեն մեկուսացնել միջազգային տեսանկյունից, համակարծիք է ՆԱՏՕ-ի՝ մեզ այսպես կոչված ռազամավարական պարտության մատնելու գծի հետ, նման առաջնորդի ներկայությունը BRICS -ի գագաթաժողովին տեղին չէ», - Սոչիում լրագրողներին ասել է նա։

«Մենք չենք թաքցնում մեր այս մոտեցումը, մենք դրա մասին ասել ենք Հարավային Աֆրիկայի մեր գործընկերներին,եւ  հուսով ենք, որ մեր տեսակետն ամբողջությամբ հաշվի կառնվի»,- ընդգծել է փոխնախարարը։

Ռյաբկովը նշել է, որ «հյուրընկալող երկրի գործն է որոշել հրավիրյալների շրջանակը»։

Նա հավելել է, որ «BRICS-ի ընդլայնման չափանիշներն արդեն որոշ ժամանակ քննարկվել են, միությանը միացող թեկնածուները պետք է անպայման հետեւեն մի քաղաքականության, որը բացառում է միակողմանի պատժամիջոցների կիրառումը միության գործող  որեւէ մասնակցի նկատմամբ»:

«Հասկանալի է, որ Ֆրանսիան չի համապատասխանում այս չափանիշին, նույնիսկ եթե այն ամբողջությամբ համաձայնեցված չէ, նրանք բոլորովին հակառակ գիծ են տանում»,- ընդգծել է Ռյաբկովը։