Գերմանիայի կլանցլեր Օլաֆ Շոլցը հինգշաբթի խոստացել է Ուկրաինային անվտանգության երկարատեւ երաշխիքներ, բայց խորտակել է ՆԱՏՕ-ին արագ անդամակցելու Կիեւի հույսերը, տեղեկացրել է Reuters-ը։

«Մենք պետք է սթափ նայենք ընթացիկ իրավիճակին»,- ասել է Շոլցը գերմանացի օրենսդիրներին խորհրդարանում ունեցած ելույթում՝ ավելացնելով, որ ուկրաինական կառավարությունն ինքն է խոստովանել, որ երկիրը չի կարող մտնել ՆԱՏՕ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։

«Ուստի ես առաջարկում եմ կենտրոնանալ (Վիլնյուսում հուլիսի կեսերին ՆԱՏՕ գագաթաժողովի) գլխավոր գերակայության  վրա, այն է՝ ամրապնդել Ուկրաինայի մարտական հզորությունը»,- նշել է կանցլերը։

Նրա խոսքով՝ Բեռլինը եւ G7-ի ու Եվրամիության գծով նրա գործընկերներն աշխատում են Կիեւի անվտանգության երկարատեւ երաշխիքների ուղղությամբ։

«Մեր նպատակը հետեւյալն է... կայուն ռազմական աջակցություն Ուկրաինային, այդ թվում ժամանակակից արեւմտյան զենքով, եւ Ուկրաինայի տնտեսական կայունության ամրապնդում, քանի որ նա պաշտպանում է իրեն ռուսական ագրեսիայից»,- ասել է նա։

ՆԱՏՕ երկրները վիճում են այն հարցի շուրջ, թե ինչ առաջարկեն Կիեւին, երբ դաշինքի ղեկավարները հանդիպեն Վիլնյուսում հուլիսի 11-12-ին։

Մինչ Կիեւը եւ նրա մերձավոր դաշնակիցներն Արեւելյան Եվրոպայում կոնկրետ քայլերի կոչ են անում, որպեսզի Ուկրաինան մոտենա դաշինքին անդամակցությանը, արեւմտյան կառավարությունները, ինչպիսին են ԱՄՆ-ն եւ Գերմանիան, զգուշավոր վերաբերմունք ունեն ցանկացած քայլի նկատմամբ, որը կարող է դաշինքին մոտեցնել Ռուսաստանի հետ պատերազմին։