ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ շփոթել է նրա պաշտոնը։ Զրույցի սղագրությունը հրապարակված է Սպիտակ տան կայքում։

Զրույցի ընթացքում ամերիկացի առաջնորդը սխալ է թույլ տվել՝ երկու անգամ Մոդիին նախագահ անվանելով։

«Պարոն նախագահ, պարոն նախագահ... Պարոն վարչապետ Մոդի, պարոն վարչապետ, շնորհակալ եմ, որ եկել եք եւ բարի գալուստ Սպիտակ տուն»,- ասել է Բայդենը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հունիսի 21-ին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է Վաշինգտոնում։

ABC News-ի փոխանցմամբ՝ Մոդին ջերմ ընդունելության է արժանացել Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Բայդենը եւ Մոդին հանդիպել են Օվալաձեւ աշխատասենյակում, այնուհետ Արեւելյան սրահում կարճ մամուլի ասուլիսի համար ներկայացել:

Հնդկաստանի վարչապետը հայտնվել է նաեւ Կապիտոլիումի բլրի վրա՝ հինգշաբթի երեկոյան Սպիտակ տանը կայանալիք պետական ​​ընթրիքից առաջ Կոնգրեսի համատեղ նիստում ելույթ ունենալու համար։

Նա հոտնկայս ծափահարությունների է արժանացել․ երբ նա մտել է դահլիճ, ներկաները վանկարկել են «Մոդի, Մոդի»,- նշում է ամերիկյան հեռուստաալիքը։