Զիմբաբվեի նախագահի պաշտոնի համար օգոստոսին կայանալիք ընտրություններում առաջադրվելու է 11 թեկնածու։ Այս մասին հայտարարել է Ընտրական հանձնաժողովը, երբ պարզ է դարձել, որ մի քանի թեկնածուներ որակազրկվել են քվեաթերթիկներում ներառվելու համար անհրաժեշտ 20 000 դոլարը չհավաքելու համար, հաղորդում է Reuters-ը:
Սպասվում է, որ ընտրություններում ZANU-PF կուսակցության ներկայացուցիչ, գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան կմրցակցի «Հանուն փոփոխությունների» քաղաքացիական կոալիցիայի (CUC) ղեկավար եւ փաստաբան Նելսոն Չամիսի հետ, որը համարվում է ամենաուժեղ մրցակիցը:
Նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 23-ին։
Մնանգագվան եւ Չամիսը շարունակում են մնալ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները, սակայն վերջին շաբաթներն հայտնվել է նոր անկախ թեկնածու։
Սավիոր Կասուկուվերեն՝ Ռոբերտ Մուգաբեի կաբինետի նախկին նախարարը, կառաջադրվի որպես անկախ թեկնածու, որը, ըստ քաղաքական վերլուծաբանների, պետք է ձայներ հավաքի ZANU-PF ընտրազանգվածից:
Կասուկուվերեն, որը փախել էր երկրից Մուգաբեին տապալած հեղաշրջման ժամանակ, նախկինում էլ նախագահական հավակնություններ է ունեցել:
80-ամյա Մնանգագվան հերթական ժամկետի է հավակնում տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ զիմբաբվեական դոլարն այս ամիս ԱՄՆ դոլարի նկատմամբ անկում է ապրել ավելի քան 50 տոկոսով:





























