Աշխարհն սպասում է, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանն աշխատեն միասին՝ որպես երկու խոշորագույն տնտեսություններ, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ուրբաթ, Փարիզի գագաթաժողովում, որը նվիրված է աղքատ երկրների բեռի թեթեւացմանը եւ կլիմայական ֆինանսավորման բարելավմանը, տեղեկացրել է Reuters-ը։

«Որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ՝ մենք պարտավոր ենք միասին աշխատել գլոբալ խնդիրների շուրջ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով գագաթաժողովում Չինաստանի վարչապետ Լի Ցյանի եւ այլ առաջնորդների հետ միասին։

«Սա այն է, ինչ մենք կարող ենք անել, եւ այն է, ինչ սպասում է աշխարհը մեզանից»,- ավելացրել է Յելենը։

Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել էր Չինաստան, որտեղ բանակցություններ է վարել բարձր մակարդակով։ Սակայն դրանից գրեթե անմիջապես հետո իր վերջին ելույթներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել էր «դիկտատոր», ինչով առաջացրել էր Պեկինի վրդովմունքը։